Իրանի նախագահի ընտրություններին առաջադրվել ցանկացողների ընդհանուր թիվը 144 մարդ է: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը: Իսլամական Հանրապետության նախագահի թեկնածուների գրանցումը սկսվել է մայիսի 7-ին:

Առաջին օրը գրանցվել էր ընդամենը 75 թեկնածու, որոնցից հինգն Իսլամական Հանրապետության հայտնի քաղաքական եւ պետական   գործիչներ են: Երկրորդ օրը գրանցվել էր  69 մարդ, որոնցից երկուսը նախկինում Իրանի քաղաքական կյանքում աչքի չընկած կանայք են, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն` նախագահական ընտրությունները անցկացվում են չորս տարին մեկ անգամ` փակ ուղիղ քվեարկության եղանակով: Իրանի Սահմանադրության պահանջներին թեկնածուների համապատասխն լինելը որոշում է  Դիտորդական խորհուրդը: 2009թ.  նախագահական ընտրություններին գրանցվել էին 475 թեկնածուներ, սակայն,  միայն չորսն էին հաստատվել Դիտորդական խորհրդի կողմից: 

Թեկնածուների գրանցումը կտեւի մինչեւ մայիսի 11-ը: Ընտրություններին մասնակցող թեկնածուների անունները կհայտարարի Իրանի ՆԳՆ-ն` մայիսի 22-23-ին: Նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 14-ին: