Աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցը իսրայելյան Waze բջջային արբանյակային նավիգացիան գնելու բանակցություններ է վարում։ Գործարքի արժեքը կարող է կազմել 800-ից 1 մլրդ դոլար, հայտնում է իսրայելյան Calcalist թերթը։
Հրատարակչության տվյալով՝ Waze-ը գնելու բանակցությունները սկսվել էին կես տարի առաջ եւ այժմ առաջընթաց են գրանցել։
Waze-ը անվճար սոցիալական, նավիգացիոն հավելված է բջջային սարքերի համար։ Այն թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմով հետեւել ճանապարհների վիճակին, գտնել օպտիմալ երթուղիներ, ճանապարհային պայմանների փոփոխության, խոչընդոտների, ՃՈ անցակետերի վերաբերյալ զգուշացումներ ստանալ եւ զգուշացնել այլ վարորդների եւ այլն։
Waze-ը եւ Facebook-ը գործընկերներ էին դարձել 2012թ. հոկտեմբերին, երբ Waze-ը թողարկել էր իր համալրված տարբերակը, որը օգտվողներին հնարավորություն էր ընձեռում ճանապարհների իրավիճակների մասին տեղեկացնել Facebook-յան ընկերներին, պարզաբանում է Forbes.ru-ն: Անցյալ տարի Waze-ը երեք անգամով ավելացրել էր իր օգտվողների բազան` այն հասցնելով մինչեւ 45 միլիոն բաժանորդի:
Եթե գործարքը կայանա, Waze-ը կդառնա Facebook-ի երրորդ գնումն Իսրայելից՝ Instagram-ից եւ Snaptu-ից հետո, որոնք Մարկ Ցուկերբերգին արժեցել էին մեկ միլիարդ եւ 70 միլիոն դոլար համապատասխանաբար:



























