Թուրքիայի իշխանությունների եւ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) միջեւ այսպես կոչված «հաշտեցման գործընթացն» ամենաշատը ձեռնտու չէ Սիրիային եւ Իրանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն` անդրադառնալով ՔԲԿ ռազմական կազմավորումները Թուրքիայի տարածքից դուրս բերման դեպքում տարածաշրջանային հնարավոր հետեւանքներին:

Նրա խոսքով` մինչեւ ապստամբ քրդերի զենքերը վայր դնելու վերաբերյալ Աբդուլլահ Օջալանի ուղերձի հրապարակումը, բոլորն արդեն գիտեին դրա բովանդակության մասին, քանի որ այն ամիսների տեւած բանակցությունների արդյունք էր թուրքական իշխանությունների անունից հանդես եկած Ազգային հետախուզության ծառայության (MIT) եւ Իմրալը կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանի միջեւ:

«Քրդական կազմավորումների դուրս բերումը Թուրքիայից ամենաշատը ձեռնտու է Թուրքիային, մասնավորապես, վարչապետ Էրդողանին: ՔԲԿ-ի հետ հարցերը լուծելուց հետո, Թուրքիան իր ողջ ներուժը կուղղի արտաքին թշնամիների դեմ, առաջին հերթին, Սիրիայի դեմ»,-ընդգծեց թուրքագետն` ավելացնելով, որ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո ողջ Արեւմուտքի ուշադրությունը կկենտրոնանա Իրանի վրա, եւ Թուրքիան հերթական անգամ կարող է դառնալ Իրանի նկատմամբ արեւմտյան քաղաքականության իրականացման գործիք:

Պարզաբանելով, թե ինչու է ձեռնտու քրդական ուժերի դուրս բերումը Էրդողանի համար, նա նշեց, որ դրա շնորհիվ Էրդողանին կհաջողվի ցույց տալ իր կողմից արված գործը: «Ոչ մի թուրք ղեկավարի 30 տարվա ընթացքում չի հաջողվել  նման զիջման հասնել քրդերի հետ պայքարում: Սակայն քուրդ զինյալների դուրս բերումն ամենեւին չի նշանակում, որ քրդական ապստամբ շարժումը վերջնականապես կվերանա` հաշվի առնելով փաստը, որ առայժմ զենքը վայր դնելու մասին խոսք չկա»,-հայտարարեց թուրքագետը` ավելացնելով, որ ցանկացած հարմար պահի պայքարը կարող է նորից բռնկվել: Նա նշեց, որ փաստորեն անհայտ է, ինչ շուրջ են տարվել բանակցությունները:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, նրա համոզմամբ, քրդական ապստամբ կազմավորումների դուրս բերումից հետո միլիարդավոր դոլարները, որոնք ծախսվում էին ՔԲԿ-ի դեմ պայքարի վրա, կուղղվեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, հայկական Սփյուռքի, հայկական պետության համապատախա քայլերի դեմ` հօգուտ Ադրբեջանի: «Այսինքն, ազատվելով անհանգստացնող խնդիրներից մեկից, Թուրքիան կզբաղվի հարեւան երկրների հետ գոյություն ունեցող հարցերի լուծմամբ»,-եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը: