Այսօր՝ մայիսի 11-ին, մեկնարկում է «ԲարՔեմփ Երեւան 2013» կոնֆերանսը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 1000 մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, առցանց լրագրողներ եւ սոցցանցերի ակտիվիստներ: Այն կտեւի երկու օր:

«ԲարՔեմփ»-ը Երեւանում անցկացվում է աչդեն 5-րդ անգամ: Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել` մասնակցելով «ԲարՔեմփ»-ի հատուկ հյուրերի կողմից վարվող վարպետության դասընթացների, ելույթ ունենալ` կիսել սեփական փորձը հատուկ այդ նպատակով տրամադրվող լսարաններում, քննարկել համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում եւ աշխարհում։

Այս տարի միջոցառմանը ելույթ ունենալու համար հրավիրվել է Google ընկերության ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող Դեւիդ Գարսիա Քինթասը: Հատուկ «Բարքեմփ»-ին մասնակցելու համար Երեւան կայցելեն նաեւ ճգնաժամային քարտեզագրության եւ սոցիալական մեդիայի ռազմավարության մասնագետ Անահի Այալա Իակուչին, ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության ինֆոգրաֆիկաների եւ վիզուալիզացիայի մասնագետներ Ֆիլիպ Կացը եւ Միխայիլ Դունաեւը: Հյուրերը դասախոսություններ կկարդան եւ վարպետության դասընթացներ կանցկացնեն միջոցառման մասնակիցների համար:

«ԲարՔեմփ Երեւան 2013»-ի հովանավորներն ու աջակիցներն են, Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը եւ «Ինտերնյուս Հայաստան»-ը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, SFL ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Միջոցառման գլխավոր գործընկերն է «Օրանժ Արմենիա»-ն:

Կոնֆերանսին մասնակցելու համար կարելի է գրանցվել ԲարՔեմփ Երեւանի կայքում՝ www.barcamp.am: Բարքամփ Երեւանը կարելի է գտնել Ֆեյսբուքում` Թվիթերում հետեւելով` @barcampam եւ գրառումներ անելով #barcampevn13 հեշթեգով:

«ԲարՔեմփ»-ը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձեւաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ»-ի մասնակիցներն իրենք են նախապատրաստում եւ ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ ԲարՔեմփ Երեւան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: ԲարՔեմփի օրակարգը ձեւավորվում է միայն միջոցառման բացումից հետո, երբ մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։