Այսօր՝ մայիսի 11-ի առավոտյան, երկրաշարժ է տեղի ունեցել ոչ միայն Իրանում, այլեւ Օմանի ծոցի հակառակ ափին՝ Օմանի հյուսիսում։
Երկրաշարժը եղել է 6,3 մագնիտուդով։ Ավերածությունների ու տուժածների մասին առայժմ չի նշվում, հաղորդում է Gazeta.ru-ն։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ի առավոտյան 6,2 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել Իրանի հարավում։ Հինգ բնակավայրերում, որոնք լրջորեն տուժել են ստորգետնյա ցնցումներից, վնասվածք է ստացել 11 մարդ։ Որոշ շինություններ ամբողջովին քանդվել են։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիս-արեւելյան նավահանգստային Բենդեր-Աբաս քաղաքից 160 կիլոմետր հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 36 կմ խորության վրա։ Իրանցի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը Ջասք նավահանգստային քաղաքի մոտ է եղել։




























