Թուրքիան սենսացիոն հայտարարություն է արել, նշելով, որ չի ողջունում որոշ ավստրալական օրենսդիրներին մասնակցությունը Գալիպոլիում անցկացվող «Անզաք»-ի հիշատակի արարողություններին, որպես պատճառ նշելով հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները ճանաչելու վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի երկու պալատները բանաձեւն ընդունել են նախորդ շաբաթ, որը հաստատում է 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունների փաստը:

Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ նրանք, ովքեր պատասխանատու են այդ բանաձեւի համար, «անկասկած կզրկվեն հյուրընկալությունից եւ բարեկամությունից»: Մասնավորապես, պաշտոնական հայտարարությունում ասվում է. «Այդ մարդիկ, որոնք փորձում են վնասել Չանաքքալե/Գալիպոլի ոգուն, նույնպես իրենց տեղը չեն ունենա Չանաքքալեի արարողությունների ժամանակ, որտեղ մենք միասին հիշում ենք կողք-կողքի հողում պառկած մեր որդիներին»:

«Անզաք»-ը Ավստրալիայում հիշողության ազգային օր է՝ նվիրված ավստրալացի եւ նորզելանդացի զինվորներին, որոնք զոհվել են Առաջին աշխարհամարտի ժամանակ (1915-ին)՝ Թուրքիայի Գալիպոլի քաղաքում վայրէջք կատարելուց հետո:  Ամեն տարի հազարավոր ավստրալացիներ հիշատակի միջոցառում են իրականացնում Գալիպոլիում: