Իրանի Անվտանգության ուժերի նախկին պետ, Թեհրանի գործող քաղաքապետ Մուհամադ Բաղեր Ղալիբաֆը, որը ներկայացնում է իրանական քաղաքական համակարգի պահպանողական թեւը, հունիսի 14-ի նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ է ներկայացրել:
Ղալիբաֆը իրանա-իրաքյան պատերազմի տարիներին (1980-1988թթ.) ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում: Նախքան 1999թ. Անվտանգության ուժերի ղեկավար նշանակվելը նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իրանի զինված ուժերի համակարգում: 2005թ. ընտրություններին եւս առաջադրել է իր թեկնածությունը, սակայն զիջել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Նույն թվականի սեպտեմբերին Թեհրանի քաղաքային խորհուրդը նրան ընտրել է քաղաքապետ: Այդ պաշտոնում նա փոխարինել է Մահմուդ Ահմադինեժադին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրանի ՆԳՆ-ն հաղորդում է, որ պահպանողական թեւը ներկայացնող եւս երկու թեկնածուներ են առաջադրվել` Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Սեյեդ Մուհամադհասան Աբութորաբիֆորդը եւ սոցիալական ապահովության նախկին նախարար Փարվիզ Քազեմին (2005-2006թթ.):




























