Սոչի քաղաքում արդեն 8 ամիս է շտապօգնության համակարգի տրանսպորտային վերահսկումը իրականացնում է հայաստանյան արտադրության համակարգով, սակայն Հայաստանում այն մոտ մեկ տարի է դեռ փորձարկում են։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Locator» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը` ավելացնելով, որ Սոչիում շտապօգնության շուրջ 100 մեքենաների վրա ներդրված համակարգի սպասարկումը կատարվում է Հայաստանից, իսկ վերահսկումն իրականացվում է Սոչիի կենտրոնական բազայից: «Մոտ 7-8 ամիս է, որ Սոչիում ներդրել ենք այս համակարգը։ Արդյունքները գոհացնող են, ինչը հնարավորություն կտա մեզ ռուսական շուկա դուրս գալու»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով` համակարգը ստեղծված է եղել Հայաստանի համար, եւ արդեն գրեթե մեկ տարի է, որ թեսթային աշխատանքներ են անցկացվում շտապօգնության մեքենաների վրա։ «Երբ Սոչիի պատվիրակությունը գտնվում էր Հայաստանում, նրանց ցույց տրվեց, որ Հայաստանի շտապօգնության համակարգում նման տեխնոլոգիաների կիրառման փորձ է արվում, արդյունքում` այնպես ստացվեց, որ իրենք ավելի շուտ ունեցան այս համակարգը, քան մենք»,- նշեց Խաչատրյանը` ավելացնելով, որ Հայաստանում համակարգի կիրառումը թեսթային ռեժիմով դեռեւս ընդամենը երկու մեքենայի վրա է տեղադրված:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ բժշկական ոլորտում նման համակարգերը ծառայությունների լայն սպեկտր են առաջարկում, ինչը հնարավորություն է տալիս հետեւելու մեքենաների ընթացքին եւ տեխնիկակական վիճակին։ «Օրինակ` շտապօգնության մեքենան ընթացքի մե՞ջ է, եւ ո՞ւր է գնում, կամ արդյո՞ք մեքենան հիվանդ է տեղափոխում, որքա՞ն վառելիք կա մեքենայում, այս ամենը հնարավոր է իմանալ համակարգի միջոցով»,- ասաց նա՝ նշելով, որ ծրագրի ամբողջական գործարկումը հետաձգվում է, պատճառաբանվելով, որ գումարներ չեն հատկացվում։

Նշենք, որ զարգացած պետություններում նման ծրագրերով են պետական հիմնարկներում կրճատում ավելորդ ծախսերը եւ կարողանում են տարվա ընթաքում գումարներ խնայել։