Իրանը եւ Սիրիան քննարկել են սիրիական մի շարք նահանգներում հինգ ալրաղացներ կառուցելու նախագիծն անհապաղ կյանքի կոչելու հնարավորությունը:
Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Վայիլ Ալ Խալքին հանդիպել է իրանական «Արադ Մաշին» ընկերության գլխավոր տնօրեն Ջաֆար Շիվազիի հետ:
Սիրիական կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նախագիծը ՍԱՀ-ի ղեկավարության մշակած զարգացման ռազմավարական ծրագրի մի մասն է:
Ալ Խալքին նշել է, որ կառավարությունը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում է այդ նախագծի անհապաղ իրագործմանն անցնելու համար:
Իր հերթին Շիվազին ընդգծել է, որ ընկերությունը պատրաստ է ձեռնամուխ լինել այդ կարեւոր նախագծի իրականացմանը: Նա շնորհակալություն է հայտնել Սիրիայի կառավարությանը` նախագծում շահագրգռվածության եւ դրա իրականացմանն ուղղված գործողությունների համար, հաղորդել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:



























