Անցած շաբաթվա ընթացքում Արցախի դպրոցներում իրականացվել է Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելել են Ստեփանակերտի եւ Շուշիի ավագ եւ հատուկ մասնագիտացված դպրոցները: Ծրագիրն իրականացվում էր ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի եւ Արցախի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: Ընդամենն անցկացվել է 10 դասախոսություն: Աստղագետները պատմեցին ժամանակակից աստղագիտության խնդիրների եւ զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) եւ հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի եւ մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:
Դասախոսների թվում էին Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ եւ ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը եւ ԲԱ կրտսեր գիտաշխատող Գոհար Հարությունյանը:
Աշակերտներին եւ դպրոցների գրադարաններին տրամադրվել են աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ, աստղագիտական օրացույցներ եւ քարտեզներ, «Վիկտոր Համբարձումյան» եւ «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակները:
Այս հանդիպումների նպատակներից մեկն էր նաեւ դպրոցներում հայտնաբերել օժտված եւ աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու եւ նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար: Հանդիպումներ տեղի են ունեցել նաեւ Արցախի Կրթության եւ գիտության նախարարությունում, Արցախի պետական համալսարանում եւ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների հետ:




























