Իրանի կառավարության մամուլի քարտուղարը հերքել է արեւմտյան լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն տեղեկատվությունը, ըստ որի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մտրակի հարվածներ են սպասվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտում կատարելու համար: Այդ մասին մայիսի 13-ին հայտնում է IRNA-ն:
Կառավարության ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էլհամը հայտնել է, որ նախագահի գործողություններում ոչ մի խախտում չի եղել, քանի որ նա գրանցման ժամանակ հանդես է եկել որպես մասնավոր անձ, ոչ թե պետության ղեկավար: Բացի այդ, համաձայն օրենքի՝ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես սկսվում է միայն թեկնածուների հաստատումից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
RBK-ի փոխանցմամբ, The Telegraph թերթը հայտնել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին սպառնում է մտրակի 74 հարված կամ վեց ամսվա բանտարկություն` նախագահի թեկնածուների գրանցման ընթացքում խախտումների համար:
Ըստ թերթի` Ահմադինեժդն ուղեկցել է իր հնարավոր իրավահաջորդ Էսֆանդիյար Ռահիմ Մաշայիին, երբ վերջինս գրանցվում էր որպես նախագահի թեկնածու: Մինչդեռ, պետության ղեկավարի աջակցությունը թեկնածուներից որեւէ մեկին հակասում է երկրի օրենսդրությանը: Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Դիտորդական խորհուրդը բողոք է ներկայացրել նախագահի դեմ:
Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 680 մարդ: Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի մայիսի 22-23-ին: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցում ընտրություններին, քանի որ չի կարող վերընտրվել երրորդ անգամ: Ընդ որում` նա ակտիվ աջակցում է Ռահիմ Մաշայիին, որը ներկայումս գլխավորում է Չմիավորման շարժման շտաբը, որի նախագահն այս տարի Իսլամական Հանրապետությունն է:




























