Մոտ 30 ոստիկանության ուսանողներ եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ ներգրավվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից Հայաստանի ոստիկանության ակադեմիայում կազմակերպված տեղեկատվական անվտանգության վերաբերյալ երկշաբաթյա ինտենսիվ դասընթացում, որը մեկնարկել է այսօր՝ մայիսի 13-ին:

Ծրագրի մասնակիցները կընդլայնեն ՏՏ համակարգերի եւ տվյալների պաշտպանության մասին իրենց գիտելիքները, ինչպես նաեւ ձեռք կբերեն համակարգչային եւ համակարգիչների կիրառմամբ կատարվող հանցագործությունների հետաքննության հմտություններ:

Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողների շրջանում պատկերացում ձեւավորել կիբերհարձակումների եղանակների վերաբերյալ, ինչպես նաեւ ցանցերի, համակարգերի եւ տեղեկատվական անվտանգության ապահովման գործիքների մասին:

Ծրագրի մասնակիցները կսովորեն տեղակայել եւ կարգավորել ցանցային եւ տվյալների անվտանգության ապահովման գործիքները, բացահայտել հարձակումները եւ դրանց գործարկման հնարավոր մեխանիզմներն ու հասկանալ հաքերների հարձակումների հոգեբանությունը եւ դրդապատճառները:

Դասընթացը կազմակերպվել է ԵԱՀԿ կողմից Հայաստանի կիբերանվտանգության բարելավման աջակցության ջանքերի շրջանակներում: