Google ընկերությունը փակել է SMS Search ծառայությունը: Ծառայությունից օգտվելու փորձի ժամանակ  հաղորդագրություն է ստացվում, որ  այն այլեւս չի գործում: Անհասանելի է նաեւ SMS Search ծառայությանը նվիրված վեբ էջը: SMS Search-ի փակման փաստը հաստատել է Google ընկերության ներկայացուցիչը, հաղորդում է gHacks-ը:

SMS Search-ը հնարավորություն էր տալիս փոխգործակցել Google որոնիչի հետ` տեքստային հաղորդագրությունների միջոցով:  Հատուկ համարին ուղարկելով որոնողական հարցմամբ SMS` օգտվողը պատասխան հաղորդագրության մեջ ստանում էր հարցման արդյունքները: Առաջին հերթին ծառայությունը նախատեսված էր պարզագույն բջջային հեռախոսների տերերի համար, գրում է lenta.ru-ն:

SMS Search-ի փակումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ «պարզ» բջջային հեռախոսները կորցնում են իրենց պահանջվածությունը` տեղը զիջելով սմարթֆոններին:  Ըստ IDC հետազոտող ընկերության տվյալների` 2013թ. առաջին քառորդում աշխարհում սմարթֆոնների մատակարարումների թիվն առաջին անգամ գերազանցել է սովորական հեռախոսներինը: