Ֆրանսիայի դատարանը սկսել է վենեսուեալացի ահաբեկիչ Իլյիչ Ռամիրես Սանչեսի բողոքի քննությունը, ով առավել հայտնի է որպես Կառլոս Շակալ: Հանցագործը պահանջում է վերանայել իր նկատմամբ ցմահ ազատազրկման վերաբերյալ վերջին երկու վճիռները:
Սանչեսը պատրաստվում է համոզել դատարանին, որ մեղադրող կողմն իր դեմ օգտագործել է փաստաթղթեր, որոնց չի կարելի վստահել, մասնավորապես, ԳԴՀ-ի հատուկ ծառայությունների գաղտնազերծված նյութերը, ըստ որոնց Շակալն առնչություն ունի Ֆրանսիայում կազմակերպված ահաբեկչություններին: Բացի այդ, Սանչեսը հույս ունի հասնել նրան, որ իրեն արտահանձնեն Վենեսուեալյին:
Դատարանը կքննի 2011-ին կայացված դատավճիռը, ըստ որի Սանչեսը մեղավոր է ճանաչվել 1982-83 թվականներին Ֆրանսիայում տեղի ունեցած 4 ահաբեկչությունների կատարման մեջ: Դրանց հետեւանքով զոհվել էր 11, վիրավորվել ավելի քան 150 մարդ: Ավելի վաղ՝ 1997-ին Սանչեսը դատապարտվել էր ցմահ ազատազրկման եռակի սպանության համար, որը նա կատարել էր 1975-ին:
Սանչեսի կողմից կատարված ամենահայտնի ահաբեկչությունը Վիեննայում OPEC-ի շտաբ-բնակարանի վրա հարձակումն էր 1975-ի դեկտեմբերի 21-ին, երբ նա պատանդ էր վերցրել 42 բարձրաստիճան պաշտոնյաների: Ավստրիայի իշխանությունները Սանչեսի պահանջով նրան օդանավ էին տրամադրել, որով նա հեռացել էր, հիշեցնում է Lenta.ru-ն:











