Մայիսի 14-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Հանդիպման նպատակն է խրախուսել ՏՏ լավագույն ուսանողներին եւ աշակերտներին ակտիվորեն մասնակցելու մրցանակաբաշխությանը, ինչպես նաեւ ներկայացնել մասնակցության պայմանները, մասնակիցների ընտրության չափանիշները եւ հայտադիմումների ներկայացման պայմաններն ու վերջնաժամկետը:

Այս տարի ՀՊՃՀ-ում կազմակերպված հանդիպմանը ներկա կգտնվեն մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաեւ ՀՊՃՀ-ի Երեւանի ավագ դպրոցի, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի եւ Այբ ավագ դպրոցի աշակերտները: Այբ ավագ դպրոցն ավելացվել է մասնակից դպրոցների ցանկում այս տարի:

Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի կողմից: Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Պարգեւները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի եւ բնական գիտություններից տարբեր օլիմպիադաների եւ մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ եւ այլ տաղանդներ, ինչպես նաեւ ներգրավված են սոցիալական ծրագրերում:

2013թ. նախատեսված են հետեւյալ անվանակարգերը՝

• Գլխավոր մրցանակ

• Լավագույն ասպիրանտ (I եւ II կարգեր)

• Լավագույն մագիստրանտ (I եւ II կարգեր)

• Լավագույն բակալավր (I եւ II կարգեր)

• Լավագույն սփյուռքահայ մասնակից

• Լավագույն ուսանողուհի

• Լավագույն աշակերտ

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ս/թ հուլիսին, իսկ հաղթողները կպարգեւատրվեն ս/թ հոկտեմբերին: Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգեւ մինչեւ1200 դոլարին համարժեք դրամ եւ ՏՏ ոլորտը խորհրդանշող հուշախորհրդանիշ: Անցած ութ տարիների ընթացքում 241 ուսանող եւ աշակերտ արժանացել են այս պարգեւին:

«Կրթության ավանդական ձեւերի կողքին նման մրցանակաբաշխության առկայությունը ձեւավորում է մի միջավայր, որը երիտասարդների շրջանում խթանում է նոր արժեհամակարգի ստեղծմանը, այն է՝ ապավինել գիտելիքին, լինել բազմակողմանի զարգացած եւ ձգտել դառնալ լավագույնն իր ոլորտում», - ասել է մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը: