Associated Press գործակալությունն ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությանը մեղադրել է իր լրագրողների հեռախոսների գաղտնալսման մեջ: AP-ի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ խոսքը «մասշտաբային եւ աննախադեպ միջամտության» մասին է:
Ըստ հայտարարության` իրավապահ մարմինների աշխատակիցները 2012թ. ապրիլ-մայիս ամիսներին գաղտնալսել են AP-ի աշխատակիցների անձնական եւ աշխատանքային հեռախոսների ելքային զանգերը: Գաղտնալսվել է հեռախոսային 20 գիծ:
Associated Press-ի նախագահ Հերի Պրուիտի՝ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին ուղարկած նամակում ասվում է, որ տեղեկատվության նման զանգվածային հավաք իրականացնելու համար «ոչ մի օրինական արդարացում չկա»:
Պրուիտն ընդգծել է, որ գաղտնալսման ընթացքում ստացված տեղեկությունը կարող է պատկերացում տալ գաղտնի աղբյուրների հետ գործակալության աշխատանքի, լրագրողական ուսումնասիրությունների, եւ ընդհանուր առմամբ գործակալության ռազմավարության եւ մարտավարության վերաբերյալ: AP-ի ղեկավարը հայտնել է, որ կառավարությունը ոչ մի իրավունք չունի նման բան անելու, գրում է lenta.ru-ն:
Իրավապահ մարմինները դեռ չեն հայտնել Associated Press-ի հեռախոսները գաղտնալսելու պատճառը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԴԲ-ն քննություն է վարում` 2012թ. մայիսի 7-ին ահաբեկչության կանխման վերաբերյալ AP-ի հաղորդագրության կապակցությամբ, որը «Ալ Կաիդան» ծրագրել էր իրականացնել ԱՄՆ թռչող օդանավերից մեկում: 2013թ. փետրվարին հայտնի էր դարձել, որ այդ քննության շրջանակում հարցաքննվել էր ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը:




























