ԱՄՆ-ում առաջին անգամ Х-47В անօդաչու թռչող սարքի բարեհաջող թռիչք է իրականացվել՝  Ատլանտյան օվկիանոսում George H.W. Bush ավիակրի տախտակամածից: 

Անօդաչու թռչող սարքն օդ է բարձրացել, որից հետո մի քանի մանեւրներ է գործել` ներառյալ պայմանական երկու վայրէջքներն ավիակրի վրա:  Սակայն անօդաչու թռչող սարքն իրական վայրէջքը կատարել է Փաթաքսենթ Ռիվերում (Մերիլենդի նահանգ), որտեղ վերջին տարվա ընթացքում Northrop Grumman ընկերության արտադրութան  այդ սարքի երկու փորձված նմուշներ են տեղակայված, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ The New York Times թերթի` ամերիկյան նավատորմում պարզապես «Ռոբոտ» կոչվող Х-47В-ի տեխնիկական բնութագրերը նախկինում չլսված հնարավորություններ են ներառում, այդ թվում՝  միկրոալիքային զենքերի կիրառումը: Սովորական օդաչուին նման ճառագայթումը պարզապես կսպաներ:

Թեեւ, ըստ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պնդման, Х-47В-ն մշակվում է շուրջօրյա հետախուզության համար: Ըստ ռազմածովային ուժերի`  Х-47В-ի թռիչքի հեռահարությունը 2100 ծովային մղոն է (շուրջ 4 հազար կմ)` 1200 մ բարձրության վրա: Թռիչքը կատարվում է ավտոմատ ռեժիմով` համակարգչային կառավարմամբ. օպերատորը միջամտում է միայն անհրաժեշտության դեպքում: