2013թ. հունվարի 15-ին իրականացված «Ռոդնիկ» («Ստրելա 3Մ») ռուսական կապի երեք արբանյակների մեկնարկը հաջող չի եղել, մայիսի 15-ին գրում է «Իզվեստիա» թերթը` վկայակոչելով «Ռոսկոսմոս»-ի աղբյուրներին:
Վթարի պատճառ է դարձել «Բրիզ ԿՄ» բլոկի անսարքությունը: Առանձնացած սարքերն արդյունքում հայտնվել են չնախատեսված ուղեծրում եւ շարժվել սահմանվածից ավելի մեծ արագությամբ: Երեք ամսից ավելի արբանյակները փորձել են աշխատանքային վիճակի բերել: Մայիսի կեսի դրությամբ երկու սարքերը գտնվում են թռիչքների կառավարման կենտրոնի վերահսկողության ներքո, իսկ երրորդը կարելի է կորած համարել:
«Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ վթարի վերաբերյալ հրապարակում չի եղել, քանի որ մեկնարկը պաշտպանության նախարարության շահերի շրջանակում էր:
2011թ. փետրվարին «Բրիզ ԿՄ» բլոկի աշխատանքի անսարքությունը դարձել էր «Գեո-ԻԿ-2» արբանյակի կորստի պատճառ: 2012թ. օգոստոսին «Բրիզ Մ»-ի անհաջող աշխատանքը դարձել էր «Էքսպրես ՄԴ2» եւ «Տելկոմ-3» արբանյակների կորստի պատճառ:




























