Բարեգործական աճուրդը, որի ընթացքում օգտատերերը պայքարում էին աշխարհի առաջատար գործարարներից մեկի` Apple-ի ղեկավար Թիմ Քուքի հետ սրճելու իրավունքի համար, 610 հազար դոլար է բերել:

CNN-ի տվյալներով, աճուրդի ընթացքում հավաքված գումարները կուղղվեն Ռոբերտ Քենեդիի անվան արդարադատության եւ մարդու իրավունքների կենտրոն:

Առայժմ հայտնի չէ, թե ով է հաղթել Apple-ի ղեկավարի հետ սրճելու պայքարում: Բայց Թիմ Քուքը խոստանում է իր ժամանակից կես ժամ հատկացնել, ինչն արդեն բավական թանկ արժե, գրում է «Վեստի.Էկոնոմիկան»:

Աճուրդը մեկնարկել է 50 հազար դոլար մեկնակետից, ստացվել է 86 հայտ: Ընդ որում, ամենից շատ «խառնվել» էին Apple-ի հետ համագործակցող կամ համագործակցելու ցանկություն ունեցող ընկերությունները: Կուպերտինո հասնելու համար հաղթողը պետք է ինքը վճարի ճանապարհածախսը, ինչպես նաեւ հյուրանոցի ծախսերը: