Այս պահի դրությամբ «Սպայկա» ընկերությունում շարունակվում են երեկ կեսգիշերից սկսած հրդեհի մարման աշխատանքները (ֆոտոռեպորտաժ): ԱԻ նախարար Արմեն Երիցյանն անձամբ ժամանել է դեպքի վայր, NEWS.am-ի թղթակցի այցելության ժամանակ նա բարձրացել էր սանդուղքի վրա եւ վերեւից կառավարում էր հրդեհաշիջման աշխատանքները:
ԱԻՆ աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ հաջողվել է մեկուսացնել հրդեհը, բայց չի հաջողվել մարել: Քանի որ շենքում կան դյուրավառ նյութեր` փայտ, պլաստմաս, կրակն արագ տարածվել է:
Փրկարարները շենքի ներսում չեն աշխատում, քանի որ չափազանց վտանգավոր է, «Սպայկա» ընկերության շենքի մի քանի պատեր քանդվել են, որ հրշեջները կարողանան մարել կրակը: Հրշեջների խոսքով, այս ծավալի եւ մասշտաբներով հրդեհ Երեւանում շատ վաղուց չէր եղել:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է մայիսի 15-ին, ժամը 23.58-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: Նախ հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ», ապա բարդության «3-րդ» աստիճան: Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար եւ փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











