Ըստ էության՝ որեւէ նոր բան չի հայտարարվել, ի վերջո, ԲՀԿ-ն ե՞րբ է հայտարարել, որ ինքը ընդդիմություն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ դաշինքի անդամ ՀԺԿ առաջնորդ, ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ «ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ» հայտարարությանը։
Նա չցանկացավ անդրադառնալ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանը եւ ՀԱԿ-ի՝ ԲՀԿ-ի հետ կապող հույսերին։ «ՀԱԿ-ի տեսակետների հետ կապված հարցերն ուղղեք ՀԱԿ-ին, մեր տեսակետը եղել եւ մնում է նույնը։ Համագործակցությունը պետք է կոնկրետ լինի, մեր կուսակցությունը ԲՀԿ-ի հետ ավելի սերտ կլինի, եթե ԲՀԿ-ն դառնա ակնհայտ ընդդիմադիր»,- ասաց նա։
Ստեփան Դեմիրճյանը շեշտեց, որ իրենք պատրաստ են համագործակցել ԲՀԿ-ի հետ, եւ այդ համագործակցությունը առկա է ԱԺ-ում, բայց խորը համագործակցության համար անհրաժեշտ է, որպեսզի ԲՀԿ-ն ընդդիմություն դառնա։
«Ընդդիմություն կլինի, չի լինի, ԲՀԿ-ի որոշելու հարցն է, մնացած հարցերը ՀԱԿ-ԲՀԿ, ուղղեք ՀԱԿ-ին։ ՀԺԿ-ԲՀԿ-ի միջեւ համագործակցություն չկա»,- ասաց նա։ Հարցին, թե ձեր կարծիքով ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՝ ոչ, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Եթե ԲՀԿ-ն չի հայտարարել, որ ընդդիմություն է, ինչի եք այդ հարցն ինձ տալիս»։
Ի դեպ, թեեւ Ստեփան Դեմիրճյանը եւս հրավիրված էր Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը, բայց չի մասնակցել դրան առողջական խնդիրների պատճառով։ Արարողությանը մասնակցել է իր մայրը։ Պատգամավորը չի կարծում, թե քաղաքական էլիտան, մասնակցելով այդ արարողությանը, համերաշխություն է արտահայտում Ծառուկյանի նկատմամբ, «պարզապես հրավիրել էին եկեղեցու բացմանը, մարդիկ գնացել էին»։











