Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը հույս ունի առաջիկա մեկ ժամվա ընթացքում մարել կեսգիշերին Արշակունյաց պողոտայում գտնվողն «Սպայկա» ընկերության շենքում բռնկված խոշոր հրդեհը (ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ով դեպքի վայրում համակարգում է հրդեհաշիջման աշխատանքները:

Նա տեղեկացրեց, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ վնասվածք է ստացել փրկարարներից մեկը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հարցին, թե որն է եղել հրդեհի բռնկման պատճառը, գնդապետը պատասխանեց, որ իրենք այս պահին չունեն այդ հարցի պատասխանը, հրդեհը մարելուց հետո փորձաքննությունը կպատասխանի այդ հարցին: Հարցին, թե արդյոք շենքը հետագայում շահագործման ենթակա կլինի՞, նա արձագանքեց, որ այդ հարցի պատասխանը եւս կտա փորձաքննությունը:

Նրա խոսքով՝ շենքում այրվել են պլաստմասե իրեր, փայտե արկղեր, ավտոմեքենաների պահեստամասեր, անվադողեր եւ այն ամենը ինչ գտնվել է շենքի ներսում: Փրկարարը նաեւ նշեց, որ հրդեհաշիջման ժամանակի առումով նման խոշոր հրդեհ Երեւանում դեռեւս չէր եղել: Վտանգավորության առումով, նա այս հրդեհը համեմատեց անցած տարի «Նաիրիտ» ընկերությունում բռնկված հրդեհի հետ:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է մայիսի 15-ին, ժամը 23.58-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: Նախ հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ», ապա բարդության «3-րդ» աստիճան: Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար եւ փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am