Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 16-ին Հայաստանի ազգային գրադարանում հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար եւ խորհրդատու մարմինների անդամների հետ:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության գիտության առաջընթացին եւ կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաեւ աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը: Ծրագիրն ունի չորս հիմնական ուղղվածություն՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, մրցանակաբաշխության կազմակերպում:
Այսօրվա հանդիպմանը ԵԳԱԾ պատասխանատուները Հանրապետության նախագահին ներկայացրել են 2012թ. հուլիս - 2013թ. ապրիլ ժամանակահատվածում ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, խոսել ընթացիկ աշխատանքների եւ հետագա ծրագրերի մասին: Ընդգծելով, որ ծրագրի օգտակարությունն անվիճելի է, նախագահն առաջարկել է երիտասարդ գիտնականներին հետագայի համար մշակել նաեւ ծրագրի դինամիկան եւ արդյունավետությունը գնահատող համակարգ: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել օժանդակությունը ԵԳԱԾ-ին եւ 2013 թվականի համար կրկին հատկացնել 100 մլն. դրամ: Նախագահը հանձնարարել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարին՝ 2014թ. պետական բյուջեով նախարարությանը հատկացվելիք միջոցներից եւս 100 մլն. հատկացնել այս ծրագրին՝ այդպիսով կրկնապատկելով ծրագրի միջոցները:
Երիտասարդ գիտնականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին իրենց խնդիրների նկատմամբ ուշադրության եւ օժանդակության համար՝ խոստանալով տարեցտարի ավելացնել ծրագրերը, դրանց արդյունավետությունն ու շահառուների քանակը:




























