Հուլիսի 1-ից ԱՄՆ-ը մտադիր է արգելել ոսկու վաճառքն Իրանին, վերջինիս վրա հավելյալ ճնշում գործադրելու նպատակով։ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Դեվիդ Քոենի խոսքով՝ այժմ ամերիկյան վարչակազմը մանրամասնորեն ուսումասիրում է արտերկրից թանկարժեք մետաղների ներմուծումն Իրան։ Արգելքը կտարածվի ինչպես այլ երկրների, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների վրա։ Ոսկու վաճառքն արգելվելու է նաեւ կազմակերպություններին ու անհատներին, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Դեվիդ Քոենը նշել է, որ Իրանի հետ ոսկու ակտիվ առեւտուր է անում նաեւ Թուրքիան, ինչում կասկած չկա։ Իրանը վերջին ամիսներին սկսել է ակտիվորեն ոսկի գնել արտերկրից, ինչը կապված է խիստ պատժամիջոցների ռեժիմի հետ, որի հետեւանքով Իրանի արժույթը՝ ռիալը, կորցրել է իր արժեքը դոլարի համեմատությամբ մոտ 2/3ով։ Ըստ 2012թ տվյալների՝ պատժամիջոցների պատճառով Իրանը կորցրել է մոտ 40 միլիարդ դոլար։