Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը վերականգնել է աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը` համաձայն Bloomberg գործակալության «միլիարդատերերի վարկանիշի»: Վերջին անգամ Գեյթսը այդ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում էր հայտնվել 2007 թվականին:
«Մայիսի 16-ին 57-ամյա Գեյթսի կարողությունը հասել է 72,7 միլիարդ դոլարի` շուրջ 10 միլիարդով ավելի, քան նախորդ տարի»,- հաղորդում է Vesti.ru-ն:
Այդկերպ, նա ավելի քան 550 մլն դոլարով առաջ է անցել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող մեքսիկացի մեդիամագնատ Կարլոս Սլիմից:
73-ամյա Կարլոս Սլիմի կարողությունը, ով տնօրինում է America Movil լատինաամերիկյան հեռահաղորդակցության կայսրությունը, հիմա գնահատվում է 72,1 մլրդ դոլար (2013թ. սկզբին այն նվազել է 2 մլրդ դոլարով): Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2013թ. ապրիլին Մեքսիկայի կոնգրեսը օրենք է ընդունել` նպատակ ունենալով սահմանափակել America Movil-ի մենաշնորհը:
«Միլիարդատերերի ցանկում» 3-րդ տեղը զբաղեցրել է ամերիկյան ներդրող Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը գնահատվում է 59,6 միլիարդ դոլար: Նրան հաջորդում է Inditex (56 միլիարդ դոլար) առեւտրային կայսրության հիմնադիր Ամանսիո Օրտեգան, իսկ 5-յակը փակում է IKEA կոնցեռնի հիմնադիր Ինգվար Կամպրադը 55,5 միլիարդ դոլարով: Bloomberg գործակալության վարականիշային աղյուսակում ներառված է 100 անուն:



























