Լեհաստանում ծնվել է երեխա, ում արյան մեջ բժիշկները հայտնաբերել են 4.5 պրոմիլ ալկոհոլ: Դեպքը տեղի է ունեցել Տոմաշով-Մազովեցկի քաղաքում:
«Հղի կինն ուշագնաց է եղել խանութում: Հիվանդանոցում պարզել են, որ կինը հարբած է: Դա սպառնացել է երեխայի կյանքին, ուստի բժիշկներն անհապաղ կեսարյան հատում են կատարել»,- հայտնում է Topnews.ru-ն:
Տղան ծնվել է ժամկետից 2 շաբաթ շուտ: Երեխայի արյան մեջ բժիշկները հայտնաբերել են 4.5 պրոմիլ ալկոհոլ, ինչը հավասար է 0.7-1 լիտր սպիրտի օգտագործման: Մեծահասակների համար մահացու չափաբաժին է համարվում 5-6 պրոմիլը:
Բժիշկների խոսքով՝ հիմա երեխան ինքնուրույն շնչում է, վիճակը կայուն է, սակայն ալկոհոլի մեծ չափաբաժնից կարող են բարդություններ առաջանալ, ինչպես օրինակ` ուղեղի կամ ներքին օրգանների ախտահարումը:




























