NASA-ի աստղագետները 2005թ-ից հետո ամենահզոր երկնաքարային պայթյուն են արձանագրել: Գործակալության հաղորդմամբ՝ ոչ մեծ որմնաքարի չափի օբյեկտ է ընկել Անձրեւների ծովը: 

Աստղագետ Ռոն Սագսը մայիսի 17-ին դիտարկումների ժամանակ նախորդներից շատ ավելի պայծառ բռնկում է նկատել, որը կարելի էր տեսնել անզեն աչքով: Ըստ գիտնականների այդ բռնկումը կարող էր ծագել մոտ 40 կգ զանգվածով 0,3-0,4 մետրանոց օբյեկտի անկումից, որը թռչում էր 25 մ/վրկ. արագությամբ: Պայթյունի հզորությունը կազմել է 5 տոննա՝ տրոտիլային համարժեքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն օրը NASA-ի տեսախցիկները եւ Արեւմտյան Օնտարիոյի կանադական համալսարանի գիտնականները երկնքում մի քանի արագասլաց երկնաքարեր էին արձանագրել, որոնք գրեթե նույն հետագծով էին սլանում: