Միջազգային հաքերային Anonymous խմբավորման չորս անդամներ ենթարկվել են տնային կալանքի` իտալական իշխանությունների լայնամասշտաբ գործողությունների արդյունքում, գրում է RAPSI ինտերնետ-պարբերականը` վկայակոչելով Rai New24 հեռուստաալիքը:

«Tango Down» կոչվող գործողությունն իրականացվել է Հռոմի դատախազության կողմից երկրի ողջ տարածքում:

Չորս ձերբակալվածները կասկածվում են Իտալիայի կառավարության եւ խորհրդարանի, ինչպես նաեւ Վատիկանի պաշտոնական կայքերի վրա հարձակումների մեջ:

2010 թվականի վերջին Anonymous խմբավորումը հայտարարել էր իր մասին` կազմակերպելով մի շարք հաքերային հարձակումներ այն ընկերությունների եւ կազմակերպությունների վեբ-ռեսուրսների վրա, որոնք օգնել էին սկանդալային WikiLeaks կայքին: «Հաքտիվիստները» (այդպես են նրանք իրենց անվանում) պաշտպանում են խոսքի ազատությունը եւ ինտերնետի միջոցով դրա տարածումը: