Google  ընկերությունը Google I/O կոնֆերանսում հայտարարել է Google Glass-ի վեց ծրագրերի թողարկման մասին՝ ներառյալ սոցիալական Facebook, Twitter եւ Tumblr հավելվածները:

TechCrunch-ը հայտնում է, որ Twitter-ի օգնությամբ օգտվողները նույն ժապավենում  կարող են դիտել վերջին թվիթները եւ անձնական նամակները: Ծրագիրը նաեւ հնարավորություն է տալիս լուսանկարել ակնոցի տեսախցիկով եւ միանգամից տեղադրել Twitter-ում: Նույն գործառույթը կա նաեւ Facebook-ի համար: Ամենաշատ գործառույթներ ունի Tumblr  բլոգհոսթինգի հավելվածը: Այն կարտացոլի օգտատիրոջ ամբողջ պատը՝ ներառյալ տեքստեր, լուսանկարներ եւ տեսանյութեր:

Բացի սոցիալական հավելվածներից, Google-ը նոր հավելված է ներկայացրել  Evernote գրառումների համար, եւ  CNN-ի եւ Elle ամսագրի հավելվածները, գրում է  lenta.ru-ն:

The Verge-ը հայտնում է, որ Google ընկերությունը կոնֆերանսի շրջանակում կայացած հատուկ սեմինարի ժամանակ նաեւ ներկայացրել է  Glass ակնոցները «կոտրելու» հնարավորությունները:

Սկզբում Google-ի ինժեներները ակնոցների վրա տեղադրել են «մաքուր » Android: Կոտրելուց հետո սարքին Bluetooth-ով միացրել են ստեղնաշար եւ թրեքփադ: Այնուհետեւ, օգտագործելով  Android Terminal Emulator եւ Complete Linux Installer ծառայությունները,  Google-ի աշխատակիցները ակնոցների վրա են  ներբեռնել  Ubuntu  օպերացիոն համակարգը:

Սեմինարի նպատակն էր Glass ակնոցների հնարավորությունների ցուցադրումը: Այնուամենայնիվ, սեմինարի այցելուներին նախազգուշացրել էին, որ ակնոցները  «կոտրելը» հանգեցնում է սարքի երաշխիքի կորստին: