Իրանում նախագահական ընտրությունների ընթացքում հիմնական մրցապայքարը ծավալվելու է  պահպանողականների, ռեֆորմիստների եւ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցների միջեւ: Այս  մասին NEWS.am-ի թղթակցին ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Նրա խոսքով`  մայիսի 22 –ին արդեն կհայտարարվեն թեկնածուների անունները, որոնք իրավունք կունենան մասնակցել նախագահական ընտրություններին: «Վերջին պահին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. 2 քաղաքական գործիչներ` Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին  եւ ներկայիս նախագահի աշխատակազմի ղեկավար, նրա մերձավոր զինակից Էսֆանդիյար Ռահիմ Մաշաին վերջին պահին ներկայացրել են իրենց թեկնածությունն ու պաշտոնապես գրանցվել են»,-նշեց Արմեն Իսրայելյանը` ավելացնելով, որ հենց նրանք են  համարվում հիմնական մրցակիցները:

Պահպանողականներից հիմնական ֆավորիտը Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Աքբար Վելայաթին է եւ Թեհրանի քաղաքապետ Մոհամադբաքար Կալիբաֆը: «Երկու գործիչներն էլ ընտրվելու մեծ հնարավորություն ունեն: Կալիբաֆն ավելի շատ կենտրոնացած է  ներքին հարցերի վրա, իսկ Վելայեթին  հայտնի է արտաքին քաղաքկանության վերաբերյալ իր մոտեցումներով»,-հայտարարարեց Արմեն Իսրայելյանը` ավելացնելով, որ Ռաֆսանջանիի եւ Մաշաիի գրանցման դեպքում պահպանողականներից մեկը կհանի թեկնածությունը հօգուտ մյուսի: Ըստ նրա` մոտ 700 թեկնածուներից միայն հինգը իրական հնարավորություններ ունեն: «Կարծում եմ, Վելայեթիի հաղթանակի շանսերը բավկանին մեծ են»,-ընդգծեց իրանագետը:

Նա ուշագրավ է համարում, որ թեկնածուների թվում 12 կին կա, սակայն նրանք ավելի շուտ տպավորություն ստեղծելու համար են առաջադրվել: