ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի հանդեպ հավելյալ պատժամիջոցներ կկիրառի մարտի վերջից։ Այս մասին, ինչպես գրում է Haaretz թերթը, ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է փետրվարի 25-ին՝ Իսրայելում ռազմավարական հարցերի քննարկման ժամանակ։
Իսրայելի ներկայացուցիչների խոսքերով, պատժամիջոցները կաթվածահարող չեն լինի, բայց կլինեն բավական կոշտ։ Բացի այդ, որոշվել է մշակել մի մեխանիզմ, որը ՄԱԿ-ին հնարավորություն կտա հավելյալ բանաձեւեր կիրառել այն դեպքում, եթե Թեհրանը չփոխի իր վարքագիծը։
Քննարկումներին մասնակցել են Իսրայելի արտգործնախարարը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, Պենտագոնի ներկայացուցիչներ։
Համաձայն հրապարակման՝ ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են իսրայելցի գործընկերներին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ամենայն հավանականությամբ, ճնշող մեծամասնությամբ, այդ թվում՝ ռուսական կողմի աջակցությամբ, կհաստատի պատժամիջոցները։ Սակայն նրանք թերահավատորեն են տրամադրված Չինաստանի հանդեպ, որը շարունակում է դեմ արտահայտվել նոր պատժամիջոցներին։




























