Մայիսի 17-ին ԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելել էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի գրասենյակ` մասնակցելու ՀՀ ԱԻՆ համար նոր տեխնոլոգիաների ներկայացմանն ու «Սոս Սիսթեմս» հակահրդեհային ահազանգման ու ազդարարման համակարգի փորձարկմանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ սկզբում նախարար Ա. Երիցյանն այցելել է «Ռոստելեկոմի» սերվերային կենտրոն, ծանոթացել ընկերության աշխատանքին, ինչից հետո ընկերության մասնագետները ԱԻ նախարարին ներկայացրել են երեք նոր համակարգերի աշխատանքը, որոնք նախատեսվում է գնել ՀՀ ԱԻՆ-ի համար` նախարարարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու եւ կատարելագործելու համար:
Ներկայացվող համակարգերից առաջինը փակ ընդհանուր գերատեսչական կապն է ՀՀ ավելի քան 70 համայնքների միջեւ, որը թույլ կտա աղետի դեպքում ավելի արագ իրազեկել Հայաստանի բնակչությանը վտանգի մասին: «Ռոստելեկոմի» ներկայացուցիչը նշել է, որ դա հուսալի եւ որակյալ կապ կապահովի ՀՀ ամբողջ տարածքում: Նա ավելացրել է նաեւ, որ հնարավորություն կա դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին բջջային հաղորդագրությունների միջոցով իրազեկել աղետի մասին:
Հաջորդ համակարգը ներքին հեռախոսակապն է ԱԻ նախարարության համար: Այն կապահովի անխափան եւ անվճար կապ ԱԻՆ գերատեսչությունների միջեւ:
Համակարգերից երրորդը վիդեոկոնֆերանս կապ ապահովող ծրագիրն է: Այն թույլ է տալիս հեռավորության վրա գտնվող անձանց միասին խորհրդակցություն անցկացնել: Նախատեսվում է այդ համակարգը տեղադրել ՀՀ բոլոր մարզերում: Դրա շնորհիվ հնարավոր կլինի ամենահրատապ խնդիրների շուրջ խորհրդակցություն անցկացնել մարզպետերի հետ` առանց ժամանակ կորցնելու եւ նախարարության կամ մարզպետարանի շենքից դուրս գալու: ԱԻ նախարարը նշել է, որ արդեն նախնակական պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետերի հետ` համակարգը տեղադրելու վերաբերյալ:
Վեդեոկոնֆերանս կապի համակարգը նույնպես տեղում փորձարկվել է եւ մասնակիցները կապվել են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի, Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարարության, ինչպես նաեւ «Ռոստելեկոմի» ռուսաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ: Վերջինս ավելի մանրամասն պատմել է համակարգի մասին` նշելով, որ վիդեոկոնֆերանսին կարող է միանալ մինչեւ հիսուն մասնակից: Հնարավորություն կա այն ձայնագրել եւ տեքստային հաղորդագրություններ ուղարկել վիդեոկոնֆերանսի ընթացքում:
Հանդիպման ընթացքում «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության մասնագետը զեկույց կարդացել է 2012 թ. Հայաստանում ներդրված հակահրդեհային շուրջօրյա մոնիթորինգային համակարգի աշխատանքի վերաբերյալ: Զեկույցից հետո վերջինս խոսեց արտակարգ իրավիճակների իրազեկման մեթոդների մասին եւ ներկայացրել «ՍՕՍ կոճակ» համակարգի տարբերակները` առաջարկելով գնել այն ԱԻ նախարարության համար: «ՍՕՍ կոճակը» հնարավոր է տեղադրել վերելակներում, մետրոներում, մայրուղիներում եւ անգամ սմարթֆոնների հավելվածներում: Այն արտակարգ իրավիճակի դեպքում հնարավորություն է տալիս տուժածին ուղիղ կապ հաստատել ԱԻՆ «911» արագ արձագանքման ծառայության հետ: Ի դեպ, ընկերության ներկայացուցիչը խոստացել է սմարթֆոնների հավելվածներում համակարգն անվճար տեղադրել:
Վերջում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, շնորհակալություն հայտնելով ընկերությունների ներկայացուցիչներին, մասնավորապես ասել է. «Մենք պատրաստ ենք համագործակցել, քանի որ ազդարարման համակարգերն այսօր շատ կարեւոր են բնակչության անվտանգությունն ապահովելու համար»:
Հանդիպման ավարտին կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համագործակցության շրջանակներում, հետագա հանդիպումների ընթացքում ավելի մանրամասն ծանոթանալ ներկայացված համակարգերի աշխատանքին եւ քննարկել դրանց տեղադրման եւ կիրառման հետ կապված հարցերը:



























