Նախագահի թեկնածուները, որոնք կողմ են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելուն, կորակազրկվեն, Իրանի դիտորդական խորհրդի նախագահի խոսքերն է մեջբերում Daily Star կայքը:
Որոշ թեկնածուներ կարծում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վերջ կտա իրանական միջուկային ծրագրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, հայտարարել է Իրանի դիտորդական խորհրդի նախագահԱհմադ Ջանաթին:
«Իրականում նման արտահայտությունները պարզապես ծիծաղելի են: Հնարավո՞ր է արդյոք գրանցել կամ քվեարկել այդպես մտածող թեկնածուների օգտին», - ասել է Այաթոլլահ Ջանաթին:
1979թ.-ից ի վեր ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Այնուամենայնիվ, որոշ թեկնածուներ, եւ, մասնավորապես, նախկին նախագահ Աքբար Խաշեմի Ռաֆսանջանին վստահ են, որ փոխհարաբերությունները կարգավորելը հնարավոր է:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 680 մարդ: Իրանի դիտորդական խորհուրդը, որն իրավասու է որոշել թեկնածուների համապատասխանությունը երկրի Սահմանադրության պահանջներին եւ ընտրություններին նրանց մասնակցության նպատակահարմարությունը, մայիսի 21-ին կհրապարակի «զտված» թեկնածուների վերջնական ցուցակը:




























