ԱՄՆ Կոնգրեսն անհանգստություն է հայտնել անձնական կյանքի անձենմխելիության նկատմամբ պոտենցիալ սպառնալիքի կապակցությամբ, որը բխում է Google Glass համակարգչային ակնոցներից, հաղորդում է Guardian-ը:
ԱՄՆ Կոնգրեսի 8 անդամներ նամակ են ուղարկել Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջին՝պահանջելով պարզաբանել իրավիճակը:
Կոնգրեսականներին անհանգստացրել է Google Glass-ի տեսա- եւ լուսանկարահանման գործառույթը, ինչպես նաեւ կողմնակի սարքերին տեղեկատվություն փոխանցելու հնարավորությունը: Օրենսդիրները ցանկանում են պարզել, թե դեմքերի ճանաչման գործառույթն ինչպես է օգնում տեսադաշտում եղած մարդկանց մասին անձնական տեղեկություններ իմանալուն:
Կոնգրեսականների նամակում նաեւ պահանջվում է հստակեցնել՝ արդյոք ընկերությունը սարքից օգտվողների մասին տեղեկություններ է ստանալու նրանց գիտությամբ եւ համաձայնությամբ, ինչպես նաեւ՝ արդյոք գոյություն ունի այդ տվյալների պաշտպանության միջոց:
NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Google Glass-ը կարող է տեսագրել ու լուսանկարել, ինչպես նաեւ համացանցով ուղարկել նկարածը: «Ապագայի ակնոցների» դիսփլեյը աչքերից մի փոքր վերեւ է տեղակայված, որպեսզի օգտվողին չշեղի հիմնական զբաղմունքից: Ավելի վաղ ընկերության հոլովակներում ցուցադրել էին, որ նոր սարքը կարող է ձայնային հաղորդագրություններ ուղարկել, հանդիպումներ ծրագրել, ունի նաեւ նավիգատոր եւ այլ հավելվածներ:




























