Հայաստանի կառավարության եւ IBM ընկերության միջեւ ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր՝ երկարաժամկետ համատեղ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով:
Հուշագիրը վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ IBM ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլեւը:
Երկկողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Տիգրան Սարգսյանի՝ նախորդ տարեվերջին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում:
Վարչապետը ողջունել է IBM-ի հետ փոխշահավետ համագործակցությունը եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկկողմ նորարարական ծրագրերի իրականացմանը: «Վստահ եմ, որ մեր համագործակցությունը նոր թափ կհաղորդի նաեւ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, որը մեր կառավարության համար առաջնային ուղղություններից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հեռանկարային համագործակցությունը ենթադրում է ՀՀ կառավարության կողմից սահմանված ռազմավարական գերակայություններին համապատասխան ուղղություններով, մասնավորապես, կրթական հաստատությունների, ՏՏ կազմակերպությունների, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների նորարարական ներուժի բացահայտում: Հուշագրի շրջանակում կողմերը մտադիր են մշակել համաձայնագիր՝ ՀՀ-ում IBM-ի նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ուղղությամբ ( Center for IBM Innovative Solutions and Technologies):
Հուշագրի շնորհիվ կողմերը կուսումնասիրեն IBM-ի կրթական ծրագրերում ՀՀ-ի կրթական հիմնարկների մասնակցության շրջանակը` տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, կիբեռանվտանգության եւ էլեկտրոնային առեւտրի ոլորտներում գիտելիքներն ընդլայնելու նպատակով: Ուսումնական եւ մասնագիտական կարողությունների զարգացումը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանում հետազոտությունների եւ մշակման ուղղությամբ աշխատանքների, ինչպես նաեւ այլ համատեղ միջոցառումների կազմակերպման միջոցով:
«Ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկը, որն ունի մեծ ազդեցություն նաեւ այլ ոլորտների արտադրողականության վրա: «Համատեղելով IBM-ի եւ միջազգային լավագույն փորձը տեղական փորձի եւ տաղանդի հետ, մտադիր ենք հաստատել երկարաժամկետ համագործակցություն, որը նպաստի կայուն տնտեսական աճի եւ համաշխարհային շուկայում մրցունակության գրավական հանդիսացող տեղական ներուժի կառուցմանը»,- նշել է Կիրիլ Կորնիլեւը:
Հուշագիրը ներկայացնում է ՀՀ կառավարության եւ IBM-ի պատրաստակամությունը ՀՀ-ում IBM-ի տեխնոլոգիաների/գործիքների կիրառմամբ նպաստել Հայաստանի ՓՄՁ-երի զարգացման մարտահրավերների հաղթահարմանը: Այս նպատակին հասնելու համար IBM-ի մասնագետների կողմից ՓՄՁ-երի համար կկազմակերպվեն վերապատրաստման ծրագրեր եւ սեմինարներ, ինչպես նաեւ կստեղծվի աջակցող միջավայր, որը կապահովի գործարար եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ծառայությունների մատուցումը ՓՄՁ-երին` նպաստելով Հայաստանում ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը:
«Ուրախ ենք այս երկարաժամկետ համագործակցությանը մասնակցելու հնարավորության համար, որն ուղղված կլինի Հայաստանում ՏՏ աշխատուժի արտադրողականության աճի եւ երկրի ՏՏ ներուժի օգտագործման միջոցով երկրի տնտեսական աճի ապահովմանը»,- նշել է IBM-ի փոխնախագահը: Այս հուշագիրը եւս մեկ վկայություն է IBM ընկերության` տնտեսությունների զարգացման աջակցման եւ միջազգային շուկայում IBM-ի գործունեության ընդլայնման համար:
Տվյալ hուշագիրը պարտադիր ուժ չունի եւ չի դնում որեւէ իրավական պարտավորություններ Հայաստանի կառավարության կամ IBM-ի վրա:



























