Բրիտանացի ալպինիստ Դենիել Հյուզը մայիսի 19-ին, առաջին տեսազանգն է կատարել աշխարհի ամերաբարձր լեռը համարվող Էվերեստի գագաթից: Ալպինիստը օգտվել է HTC One սարքից, նա կապվել է BBC-ի ստուդիայի հետ, քանի որ հեռուստաընկերության հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել զանգի վերաբերյալ:

«Սա աշխարհում առաջին տեսազանգն է Էվերեստից, այն էլ ուղիղ եթերում, նախկինում ոչ ոք նման բան չի արել»,-ասել է ալպինիստը: Զանգը տեւել է 2 րոպե եւ 45 վայրկյան, հաղորդում է BBC News-ը: Կապի սեանսը, սակայն, առաջ է բերել Նեպալի իշխանությունների բողոքը: Նրանք հայտարարել են, որ Էվերեստի գագաթից ցանկացած տեսակի հեռարձակման համար անհրաժեշտ է Նեպալի կապի նախարարության թույլտվությունը:

Հյուզի հետ նույն օրը Էվերեստ է բարձրացել եւս 145 մարդ, այդ թվում առաջին կանայք Սաուդյան Արաբիայից ու Պակիստանից եւ առաջին զույգ քույրերը Հնդկաստանից: