Գվատեմալայում կասեցրել են երկրի նախկին բռնապետ Խոսե Էֆրային Ռիոս Մոնտի նկատմամբ ավելի վաղ կայացրած դատավճիռը: Նման որոշում մայիսի 20-ին կայացրել է երկրի Սահմանադրական դատարանը՝ համարելով, որ պետք է կրկին հետաքննություն կատարվի:

Դատավճռի կայացման օրվանից ի վեր բռնապետն ընդամենը մեկ օր է անցկացրել բանտում, որից հետո նրան ռազմական հոսպիտալ են տեղափոխել, որտեղ էլ  գտնվում է մինչեւ այժմ, հայտնում է lenta.ru -ն` վկայակոչելով Associated Press-ին:

 NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գվատեմալայի նախկին բռնապետ Խոսե Էֆրային Ռիոս Մոնտը կառավարել է երկիրը 1982-1983թթ., նա դատապարտվել էր 80 տարվա ազատազրկման՝ հնդկացիական բնակչության ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների համար: 

Խոսե Էֆրային Ռիոս Մոնտն իշխանության էր եկել 1982թ. մարտին` ռազմական հեղաշրջումից հետո, որի ընթացքում տապալվել էր նորընտիր նախագահը:  Մոնտը կառավարել է 17 ամիս, որից հետո` 1983թ., նա գահընկեց էր արվել:  Մոնտն առաջին լատինաամերիկյան առաջնորդն է, որը դատապարտվել է սեփական ժողովրդի դեմ  գործած հանցագործությունների համար: