Իրանի ՆԳՆ-ն հրապարակել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուների ցուցակը։ Մի քանի հարյուր հավակնորդներից ընտրվել են ութը։ Թեկնածուներին ընտրել է դիտորդական խորհուրդը։
Վերջնական ցուցակում ընդգրկվել են բարեփոխումների կողմնակից երեք քաղաքական գործիչներ. Իրանի նախկին առաջին փոխնախագահ Մոհամադրեզա Արեֆը, Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի նախկին քարտուղար եւ «վեցյակի» նախկին բանակցող Հասան Ռոուհանին, ինչպես նաեւ փոստի եւ հեռագրության նախկին նախարար Սեյեդ Մոհամադ Կարազին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Իրանի տեղեկատվական FARS գործակալությանը։
Ցուցակում պահպանողական քաղաքական գործիչներից մնացել են երկրի նախկին արտգործնախարար Ալիաքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մուհամադ Քալիբաֆը, ԻՀՊԿ-ի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին եւ Մեջլիսի նախկին խոսնակ Գոլյամալի Հադադ-Ադելը։
Ընդ որում, Դիտորդական խորհուրդը հավակնորդների ցանկից հանել է Իրանի նախկին նախագահ Ալիաքբար Հաշեմի Ռաֆսանջանին եւ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի համախոհ Էսֆանդիյար Ռահիմ-Մաշայիին։
Իրանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին։




























