Microsoft ընկերությունը Ռեդմոնդի մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է խաղային նոր սարք՝ Xbox One-ը: Սարքը ներկայացրել է ընկերության խաղային ստորաբաժանման ղեկավար Դոն Մեթրիքը: 

Ըստ նրա՝  Xbox One-ը «բազմագործառույթ սարք է՝ ամբողջ ընտանիքի համար», այն նաեւ կատարում է ձայնային եւ ժեստային հրահանգները՝ Kinect սենսորի օգնությամբ,  Skype-ի տեսազանգի հնարավորություն ունի, կարողանում է փոխել հեռուստաալիքները, երաժշտություն եւ տեսագրություն ցուցադրել:

Xbox-ի այս գործառույթները կարող են գործարկվել ինչպես հեռակառավարման վահանակի, այնպես էլ ձայնի օգնությամբ: Բացի այդ, էկրանի մի կեսում հնարավոր է ֆիլմ դիտել, մյուսում՝ հետեւել վեբ կայքերի բովանդակությանը, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Xbox One-ով նախորդ մոդելի՝ Xbox 360-ի համար նախատեսված խաղերը հնարավոր չէ խաղալ:

Ակնկալվում է, որ Xbox One-ը վաճառքի կհանվի տարեվերջին: