2013թ. հինգ ամիսներին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության Արտաշատի սահմանային ջոկատը ձերբակալել է պետական սահմանը խախտելու փորձ կատարած 39 մարդու: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը՝ Ռուսաստանի սահմանային զորքերի ձեւավորման 95-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ընթացքում:
Նրա խոսքով՝ «2013թ. առաջին արդյունքների վերաբերյալ հարկ է նշել, որ պետական սահմանի խախտում չի թույլատրվել: Սահմանային ջոկատը ձերբակալել է 14 սահմանախախտի», - նշեց Վլասովը՝ հավելելով, որ 400 հոգու դեպքում փաստաթղթային անճշտություններ են եղել, նրանցից 125-ին չի թույլատրվել հատել սահմանը: Նշենք, որ սահմանային ռեժիմը խախտողները հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչներն են, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ:
Սահմանային վարչության պետը հայտնել է, որ նշված ժամանակահատվածում իրանական հատվածում առգրավվել է 27 միավոր սառը զենք, 60 տարբեր զինամթերք, ինչպես նաեւ թմրանյութերի աննշան քանակություն՝ հիմնականում Իրանի քաղաքացիների մոտ: «Այժմ, երբ մոտենում է ամառը, հիմնականում աշխատանքներ են տարվում պետական սահմանների պաշտպանության ինժեներական սարքավորումների ուղղությամբ՝ ազդանշանային համակարգի, վերահսկողական գծերի, զանազան ինժեներական կառույցների վերականգնում», - նշեց Վիկտոր Վլասովը, ընդգծելով, որ Արմավիրի եւ Գյումրիի սահմանային ջոկատներում սկսվել են նոր համալիրների տեղակայման դաշտային մի շարք աշխատանքներ:
Գեներալ-լեյտենանտը հայտնեց, որ հանդիպումն ավանդական է՝ մայիսի 28-ի նախաշեմին, երբ հայ ժողովուրդը նշում է Առաջին հանրապետության տոնը, իսկ ռուսական օրացույցով Սահմանապահի օրն է: Ռուս սահմանապահները երկու տոնն էլ կնշեն: «Կցանկանայի շնորհավորել Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, Հայաստանի բնակչությանը՝ այդ նշանակալի տոնի առթիվ եւ ցանկանալ քաջառողջություն, բարօրություն եւ հանգիստ կյանք հանրապետությունում», - ասացՎլասովը: Նա նաեւ շնորհավորեց բոլոր սահմանապահներին մասնագիտական տոնի առթիվ:
Սահմանային վարչության պետը նաեւ հիշեցրեց, որ Արտաշատի սահմանային ջոկատին է հանձնարարվել Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանների պաշտպանությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am



























