Այս տարվա աշնանը Հայաստանի նոտարական համակարգը կանցնի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով, որ նոր համակարգն արդեն գործում է Երեւանի երեք նոտարական գրասենյակներում:
«Համակարգի շնորհիվ նոտարները կարող են տեղեկատվություն ստանալ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրից, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, ոստիկանությունից: Համակարգը թույլ կտա նաեւ նոտարական ակտերի միասնական բազա ստեղծել»,-նշել է Ասլանյանը:
Նրա խոսքով՝ նոտարիատի համակարգը կարող է միանալ 7 պետական գերատեսչությունների, որոնք արդեն անցել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության եւ օպերատիվորեն անհրաժեշտ տեղեկատվություն են փոխանցում միմյանց:



























