Մի քանի տասնյակ լրագրողներ մայիսի 23-ին Ուկրաինայի  կառավարության շենքի դիմաց նախօրեին կառավարությունում հավատարմագրումից զրկված գործընկերներին աջակցող ցույց են կազմակեպել:

ՈՒՆԻԱՆ-ը տեղեկացնում է, որ մոտ տասը լրագրողներ մայիսի 22-ին կառավարության նիստի ժամանակ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով  հետաքննել մայիսի 18-ի զանգվածային ցույցերի ընթացքում իրենց գործընկերներին ծեծի ենթարկելու դեպքերը: Նրանք մեջքով շրջվել էին դեպի դահլիճում նստած վարչապետ Ազարովը  եւ նախարարները, իսկ մեջքներին պաստառներ էին եղել՝ «Այսօր լրագրողները, վաղը՝ ձեր կինը, քույրը, դուստրը: Գործի՛ անցեք» գրությամբ: Դրանից հետո Ազարովը  պահանջել էր լրագրողներին հեռացնել դահլիճից եւ զրկել հավատարմագրումից:

Կիեւում մայիսի 18-ին ընթանում էր ընդդիմության հավաքը, որի ընթացքում մասնակիցները կանգնեցրել էին իրենց մոտով ընթացող զրահամեքենան: Հետո անհայտ անձինք փորձել էին խոչընդոտել ակտիվիստներին, բախումներ էին եղել, տուժել էին երկու լրագրողներ: Լրագրող Օլգա Սնիցաիչուկի վրա հարձակված Վադիմ Տիտուշկոն ձերբակալվել եւ գրավի դիմաց ազատվել էր: