Իրան-Հայաստան գազատարի տրամաչափը թույլ է տալիս ներկրել տարեկան 2.3-2.4 մլրդ խմ գազ, այն դեպքում, երբ հանրապետությունում գազի սպառումը 2012 թ. կազմել է մոտ 1.7 մլրդ խմ: Այդ մասին այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ Ազգային Ժողովում գազի գնի վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Անհրաժեշտության դեպքում, մեկ գազակոմպրեսորային կայան կառուցելու դեպքում Իրանից գազի ներկրումը կարելի է ավելացնել մինչեւ տարեկան 3 մլրդ-ի: Մեր կանխատեսումներով՝ 2.3 մլրդ-ից ավելի գազ մեզ պետք չի լինի առաջիկա 10 տարում: Այս գազատարը հնարավորություն է տալիս ներքին պահանջարկը բավարարելու; Նախկինում, երբ հյուսիսային գազատարը վթարվում էր, այդ ծավալները կոմպենսացրել ենք իրանական գազատարի միջոցով»,- ասաց Ա. Մովսիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Իրանը Թուրքիային գազ մատակարարում է 1000 խոր. մետրը 335 դոլարով, սակայն հաջորդ տարի այդ գինը կբարձրանա մինչեւ 440 դոլար: «Իրանական կողմը, չեմ կարծում, որ 335 դոլարից պակաս առաջարկի, ու դա հետո էլի կբարձրանա: Դա ալտերնատիվ դիտակել ռուսական գազին հնարավոր չէ»,- ասաց Ա. Մովսիսյանը: Նրա կարծիքով՝ միակ տարբերակը ռուսական գազ ստանալն է, պայմանով, որ ռուսական կողմը մասնակցի գազի գնի սուբսիդավորմանը, այնպես, որ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չառաջանա: Ներկայումս այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:




























