ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ  է սահմանել Իրանի հետ կապ ունեցող 12 ֆիզիկական անձանց եւ ութ ընկերությունների դեմ: Ամերիկացիներին արգելվել է  նրանց հետ գործարքներ կնքելը:

Ընկերությունները ցուցակում ներառվել են իրանական միջուկային ծրագրի ուղղությամբ  աշխատելու, Իրանի նկատմամբ նավթային էմբարգոն շրջանցելու եւ Իրանի զինամթերային ծրագրին նյութեր մատակարարելու համար, հայտնում է utro.ru-ն:

Մասնավորապես, ցուցակում է հայտնվել մալազիական Petro Green ընկերությունը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցության համար: Իրանական տրանսպորտային երեք ընկերություններ ընդգրկվել են Iran Air ավիաընկերության փոխադրումների նկատմամբ սահմանված էմբարգոն խախտելու փորձի համար: Եվս երկու ընկերություններ մեղադրվում են իրանական միջուկային ծրագրին աջակցելու համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալով՝ ցուցակում ներառված ֆիզիկական անձանց թվում են Petro Swiss Intertrade ընկերության տնօրեն Մասուդ Բահադորին, Իրանի ազգային նավթային ընկերության ֆինանսական տնօրեն Մահմուդ Նիկուսոհանը, Իրանի պաշտպանության փոխնախարար Ռեզա Մոզաֆարինիան: Ցուցակում նշված է նաեւ ոմն Վահարեհ Միրզա Հոսեյն Յազդին, որը Մեծ Բրիտանիայի հպատակ է: