Փարիզում նույնասեռ ամուսնությունների դեմ բողոքի ցույցն ավարտվել է անկարգություններով եւ ձերբակալություններով: Ըստ տարբեր տվյալների` ձերբակալվել է 100-300 մարդ: Ոստիկանության տվյալներով` ցույցին մասնակցել է 150 հազար մարդ, կազմակերպիչներն էլ հայտարարում են, որ բողոքողները միլիոնից ավելի են եղել:
«Դոժդ» հեռուստաալիքը հայտնում է, որ ցույցին շատերը եկել էին ընտանիքներով, երեխաների հետ, ընդգծելով ցույցի նպատակը` ավանդական արժեքների քարոզչություն: Ցույցի կազմակերպման համար ծախսվել է 800 հազար եվրո, այլ շրջաններից մասնակիցներին Փարիզ հասցնելու համար վարձել էին 700 ավտոբուս եւ 11 գնացք:
Ցույցը համընկել էր Մայրության օրվա հետ: Մասնակիցները այն անվանում էին վերջինը, քանի որ նոր օրենքը վերացրել է «մայր» եւ «հայր» հասկացությունների տարբերությունը:
BFM.RU-ն գրում է, որ ցույցը խաղաղ է անցել, սակայն ավարտից հետո, շուրջ 500 բողոքողներ ոստիկանների վրա շշեր են նետել եւ մետաղյա իրեր: Կարգազանցներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:











