Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպությունը (ՀԱՊԿ) Իրանի միջուկային խնդրի լուծման համար անընդունելի է համարում ռազմական լուծումը: Այս մասին ասվում է մայիսի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:

«ՌԻԱ նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ փաստաթղթում ասվում է. «Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում համընդհանուր անկայուն պայմաններում կոնֆրոնտացիոն սցենարներներով իրադարձությունների զարգացումը լի է միջազգային հանրության համար անկանխատեսելի հետեւանքներով: Այս համատեքստում ՀԱՊԿ անդամ-երկրները կողմ են առավելագույնս պատասխանատու մոտեցմանը եւ զսպվածությանը, Իրանին վերաբերվող խնդիրներում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հռչակագրի դրույթների անշեղ իրագործմանը»:


ՀԱՊԿ անդամ-երկրները անարդյունավետ են համարում միակողմանի հակաիրանական պատժամիջոցների կիրառումը` միեւնույն ժամանակ նշելով միջուկային զենքի չտարածման պայմանագրին մասնակից յուրաքանչյուր պետության կողմից խաղաղ ծրագրերի զարգացման համար անվիճարկելի իրավունքը` ներառելով նաեւ ուրանի հարստացման իրավունքը: