Շոտլանդիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու բանաձեւի օգտին:
Պատգամավոր Մարկո Բիագի կողմից ներկայացված փաստաթուղթը ստորագրել են 65 պատգամավորներ:
Փաստաթղթում նշվում է, որ ապրիլի 24-ն այն ամսաթիվն է, երբ Օսմանյան կայսրության հրամանով ձերբակալվեցին եւ սպանվեցին հայ մտավորականները: Որոշման մեջ նշվում է, որ այդ օրը համարվում է բռնությունների եւ կոտորածների սկիզբ, որոնց արդյունքում զոհվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր:
«Խորհրդարանը կարծում է, որ հայ ժողովրդի ողբերգությունը ազգերին մտածելու առիթ պետք է տա` հիշելու բոլոր նրանց, ովքեր ցեղասպանության զոհ են դարձել: Այն պետք է ստիպի ընդունելու այն բոլոր ցեղասպանություններն ու այլ ազգերի ողբերգությունները, որոնք այլեւս չպետք է կրկնվեն աշխարհի ոչ մի ծայրում»,-ասված է բանաձեւում:



























