Չինացի հաքերները մի քանի կիբերհարձակումների արդյունքում ԱՄՆ-ից գողացել են պաշտպանական համակարգերի նախագծերը, որոնք կազմում են ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հիմքը: Այդ մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության գիտական խորհրդի զեկույցում: Գողացված բոլոր տվյալները կարող են օգտագործվել Չինաստանի կողմից ռազմական նշանակության սեփական համակարգերի մշակման համար:
Reuters-ի փոխանցմամբ, հաքերները ստացել են ժամանակակից ռազմական ինքնաթիռների, նավերի եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի գծագրերը, որոնք գտնվում են ոչ միայն ԱՄՆ, այլեւ եվրոպական եւ մերձավորարեւելյան մի շարք երկրների սպառազինության մեջ: Համարվում է, որ հաքերային հարձակումների ետեւում կանգնած են Շանհայում տեղակայված Comment Crew խմբավորման հաքերները:
Առեւանգվել են տվյալներ նորագույն F-35 եւ F-18 ինքնաթիռների, Patriot հրթիռների, THAAD հակահրթիռային համալիրների եւ այլ սպառազինությունների մասին, հայտնում է Polit.ru-ն:




























