Ոչ բոլորին է հաջողվում սովորել նրանից, ով լուսանկարում է նախագահներին, առավել եւս` ԱՄՆ նախագահին: Վերջերս նման հնարավորություն էր ընձեռվել «TUMO» կենտրոնի սաներին, որոնց հետ վարպետության դաս էր անցկացնում Սկաուտ Թուֆանկջյանը: Մեզ Սկաուտը հայտնի է որպես Բարաք Օբամայի նախընտրական արշավի լուսանկարիչ, ինչպես նաեւ «Հայկական սփյուռք նախագծի» լուսանկարների շարքի հեղինակ:
«Ես իմացա իմ ընկերուհի Սառա Անջարգոլյանի նախագծի մասին, ով արդեն աշխատում է «TUMO» կենտրոնում: Սա հրաշալի կենտրոն է: Երբ նա ինձ առաջարկեց վարպետության դասեր անցկացնել, ես, իհարկե, համաձայնեցի»,-պատմեց Սկաուտը կենտրոնում, որտեղ մենք նրան հանդիպեցինք մինչեւ դասերը:
Նրա խոսքով`գլխավոր որակը, որը պետք է ունենա լուսանկարիչը, նրա անկեղծ հետաքրքրությունն է այն ամենի նկատմամբ, ինչ լուսանկարում է. «Ինձ հետաքրքրում են մարդիկ, նրանց կյանքը, պատմությունը»:
Լսելով, թե ինչպես է Սկաուտը խոսում երեխաների հետ, կարելի է հասկանալ, որ դա նրա համար խիստ հետաքրքիր է եւ որ դասավանդմանը նույնպես նա պակաս լրջությամբ չի վերաբերվում: «Ամենաբարդը դա պատրաստվածության տարբեր մակարդակն է: Իմ աշակերտնեից ոմանք լուսանկարչությամբ զբաղվում են վաղուց, ոմանք էլ առաջին քայլերն են անում: Կարեւոր է հետեւել, որպեսզի ավելի փորձառուները չձանձրանան, եւ սկսնակներն էլ ետ չմնան»,-ասում է Սկաուտը:
Թվում է քաղաքական գործիչներին լուսանկարելն այնքան էլ հետաքրքիր չէ. փողկապավոր լուրջ մարդիկ, որոնք հիմնականում զգացմունքների հարցում ժլատ են: Սակայն, ինչպես նշում է Սկաուտը, ինքը հենց լուսանկարել է ոչ թե պարզապես քաղաքական գործչի, այլ նրա նախընտրական արշավը, իսկ դա նշանակում է` նախագահին շրջապատող եւ նրան աջակցող մարդկանց: «Նախագահի կողմնակիցները` ահա թե ովքեր են ինձ հետաքրքիր: Մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի ինչ-որ մեկն ընտրվի: Ես ինձ իսկական քաղաքական լուսանկարիչ չեմ համարում: Ես Օբամային լուսանկարել եմ երեք տարի շարունակ, սակայն ինձ համար հետաքրքիր է, անգամ ավելի շատ, հենց նրա կողմնակիցների պատմությունը»,-ասում է լուսանկարիչը:
Նախագահն, իհարկե, հանրային ֆիգուր է, սակայն մեր ժամանակներում միայն քաղաքական գործիչները չէ, որ տեսանելի են: Սոցիալական ցանցերի եւ «Instagram»-ի ի հայտ գալով լուսանկարչությամբ ոչ մասնագիտորեն զբաղվում են միլիոնավոր մարդիկ: Լինելով պրոֆեսիոնալ լուսանկարիչ` Սկաուտը հանգիստ է վերաբերվում նոր միտումենրին: Նրա խոսքով` կարեւոր չէ, պրոֆեսիոնալ ես, թե ոչ, որքան շատ մարդիկ ուշադրություն դարձնեն լուսանկարչությանը, այնքան` լավ:
Նման փորձառու լուսակարչի հետ զրուցելիս, բնականաբար, խորհուրդ հարցնելու ցանակություն է առաջանում. ինչպիսի խցիկ է նա օգտագործում եւ ինչ խորհուրդ կտա լուսանկարել սկսնակներին:
«Հիմա ես երկու խցիկ եմ օգտագործում` Nikon and Leica: Երկրորդն ավելի փոքր է եւ ավելի պակաս աղմկոտ»,-ասում է Սկաուտը` ցույց տալով խցիկը, որն անգամ կողքին է հարցազրույցի ժամանակ:
«Իմ առաջին լուսանկարչական խցիկը ինչ-որ սովորական պլաստիկե բան էր: Հետո ես լուսանկարում էի հորս հին «Voigtländer»-ով»,-պատմում է նա:
Նույնքան պրակտիկորեն է Սկաուտը վերաբերվում իր ժամանակակից սարքավորումներին եւ ծրագրերին, ինչպին է ֆոտոշոփը: «Սա ընդամենը գործիք է: Գլախավորը պետք է այնպես անել, որպեսզի գործիքը համապատասխանի նրան, ինչ դու լուսանկարում ես: Օրինակ, ես Անատոլիայում հայկական գյուղեր էի նկարում iPhone-ի օգնությամբ: Ես տեսել եմ լուսանկարներ, որոնք Ցեղասպանությունից մազապուրծ մարդիկ են բերել իրենց հետ: Դրանք քառակուսի էին եւ պատմություններ էին պատմում, որոնք հետո վերապատմվում էին շատ անգամներ: Ես լուսանկարում էի iPhone-ով, որպեսզի պատմեմ պատմությունը, ցույց տամ անցյալի զգացողությունները, այն, թե ինչպես է իրականությունը փոխվում ժամանակի մեջ: Սակայն ես երբեք, օրինակ, եգիպտական հեղափոխությունը չէի լուսանկարի iPhone-ով, քանի որ դա նրանց անցյալի եւ ներկայի փոխհարաբերության պատմություն չէ»,-նշում է Սկաուտը` երազկոտ ավելացնելով, որ կցանկանար լուսանկարել հյուսիսային եւ արեւմտյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Եմենում եւ մի շարք այլ վայրերում:
Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լուսանկարել, նա երկու պատասխան ունի. առաջինը` պետք է լուսանկարել շատ, երկրորդը` լուսանկարել այն, ինչ իսկապես հետաքրքրություն է ներկայացնում, ինչը դուք չգիտեք եւ կցանկանայիք իմանալ:
«Ինչպես ասում էր հայտնի ֆոտոլրագրող Ռոբերտ Կապան, ամենակարեւորն այն է, որ քեզ մարդիկ դուր գան, եւ նրանց հասկացնել տուր, որ նրանք քեզ դուր են գալիս»,-խորհուրդ է տալիս Սկաուտը:
Պատրաստեց Աննա Ղազարյանը








Լուսանկարները` Արսեն Սարգսյանի/NEWS.am TUMO կենտրոնում




























