Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իր երկիրը բանավոր հրավեր է ստացել՝ մասնակցելու Սիրիայի հարցով ժնեւյան նոր կոնֆերանսին: «Իրանը դրականորեն է դրան արձագանքել եւ համապատասխան որոշում կկայացնի գրավոր հրավերն ստանալուց հետո»,-ասել է նա:
Անդրադառնալով վերջերս Ֆրանսիայի ԱԳՆ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով դեպարտամենտի ղեկավարի հետ Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներին, նա նշել է, որ Սիրիայի հարցում Փարիզի դիրքորոշումը փոփոխվում է:
Ինչ վերաբերում է նույն խնդրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը, Իրանի ԱԳ փոխնախարարը հույս է հայտնել, որ այն ավելի հավասարակշռված բնույթ կկրի, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Ավելի վաղ Արեւմուտքը հանդես էր գալիս Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսներին Իրանի մասնակցության դեմ:




























